activity indicator
Որակի շարունակական բարձրացման ռազմավարություն
  • Որակի շարունակական բարձրացման ռազմավարությունը բուհի որակի ապահովման քաղաքականության կարևորագույն բաղադ­րիչն է, որը կոչված է ապահովելու դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացների որակի շարունակական և կայուն բարելա­վումը` ուսանողների և աշխատաշուկայի փոփոխվող պահանջմունք­ներին և կարիքներին համահունչ:
  • Ռազմավարությունը ստեղծվում է բուհի ստրատեգիական պլանի ընդհանուր համատեքստում և համապատասխանաբար արտացոլում է ստրատեգիական պլանի սահմանած առաջնայնությունները և առաջա­դրած խնդիրները որակի ապահովման և բարձրացման վերաբերյալ: Սա մեկն է այն կարևորագույն միջոցներից, որոնցով իրականացվում է ստրատեգիական պլանը:
  • Ռազմավարության հիմնական նպատակն է ստեղծել և գործարկել աջակցող արդյունավետ մեխանիզմներ բուհի բոլոր մակարդակներում ուսման որակի կայուն և շարունակական բարձրացման համար, ինչպես և ստեղծել նախադրյալներ որակի մշակույթի անշեղ զարգացման համար:
  • Միջոցները, որոնցով բուհը ձգտում է ապահովել որակի շարունակական և կայուն բարձրացումը, էապես կախված են նրա պրոֆիլից, առաքելությունից, որակի ձևավորված մշակույթից, ստրատեգիական նպատակներից, որակի ընտրված քաղաքականությունից ու ներունակությունից: Համապատասխանաբար, ունենալով ընդհանուր նպատակներ որակի շարունակական բարձրացման ուղղությամբ, բուհերը կարող են ընտրել տարբեր մոտեցումներ այդ նպատակներին հասնելու համար: Որպես որակի ապահովման և բարձրացման բուհական ռազմավարության օրինակ` համակարգում բերվում են ՀՊՃՀ 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանի համապատասխան հատվածները:
  • Չնայած մոտեցումների տարբերություններին, որակի ապահովման ասպարեզում եվրոպական բուհերի ռազմավարական փաստաթղթերի համադրական վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել որոշակի ընդհանուր ուղենիշներ, որոնց բուհերը հետևում են որակի բարձրացման իրենց ռազմավարությունը կառուցելիս.

1) Ուսումնառության հնարավորությունների և փորձի բարելավում նախնական պատրաստականությամբ տարբերացված ուսանողական համակազմի հա­մար` ուսուցման մեթոդների և կրթական տեխնոլո­գիաների բազմազանեց­ման միջոցով,

2) բարձրակարգ իննովացիոն կրթական ծրագրերի մշակում և իրականացում, որոնք բովանդակությամբ և մատուցման ձևերով գրավիչ են ուսանողների համար, համապատասխանում են գործատուների և մասնագիտությունների արդի պահանջներին և բարձրացնում են շրջանավարտների ծառայունա­կությունը,

3) ուսումնական առաջադիմության բարձրացում` ուսանողների կրթական շահագրգռվածության և ինքնուրույն աշխատանքի խթանման, ուսուցման պլանավորման մեջ նրանց դերակատարության մեծացման և կրթական ճկուն այլընտրանքային ուղեգծերի ներմուծման միջոցով,

4) գնահատման համակարգերի կատարելագործում` առաջադիմությունը խթանող ինովացիոն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ,

5) կրթական միջավայրի բարելավում` ֆիզիկական և վիրտուալ ուսում­նական ենթակառուցվածքներին, դասավանդմանն ու ուսումնառությանը աջակցող մեխանիզմների զարգացման և դասախոսների ու ուսանող­ների կարիքներին դրանց համապատասխանեցման ճանապարհով,

6) ուսուցման կազմակերպման այլընտրանքային ճկուն ձևերի ներմու­ծում` ուսուցման և արտադրական փորձառության փուլերի զուգակց­ման, ուսուցման կազմակերպմանը պոտենցիալ գործատուների ներգրավման, հաճախումների ճկուն ռեժիմների և ուսուցման օնլայն ձևերի կիրառման միջոցով,

7) դասավանդման որակի, արդյունավետության և մասնագիտական ստան­դարտների խստացում` դասախոսական կազմի որակական ցուցանիշ­ների բարձրացման, մասնագիտական կատարելագործման ծրագրերի զարգացման, մանկավարժական նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներմուծման ճանապարհով:

  • Ռազմավարությունը մշակվում է բուհի ստրատեգիական պլանավորման հանձնաժողովի կողմից` որպես բուհի որակի ապահովման և բարձրացման քաղաքականության փաստաթղթի բաղադրամաս: Այն կարող է մշակվել նաև բուհի ստրատեգիական պլանի շրջանակներում` որպես առանձին բաժին: Ռազմավարությունը հաստատվում է բուհի գիտական խորհրդի կողմից: Նպատակահարմար է կատարել որակի ռազմավարության իրականացման ամենամյա գնահատումներ` առաջընթացի բնութագրման և անհրաժեշտ փոփոխությունների իրականացման նպատակով: Այս առումով ցանկալի է մշակել առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցիչներ (ինդիկատորներ)` տարեկան կամ հնգամյա կտրվածքով: