activity indicator
Կրթական ծրագրի որակի ապահովման հիմնական գործընթացները

Առանձնանում են բուհի բոլոր կրթական ծրագրերին վերաբերող ուսումնամեթոդական (ակադեմիական) 3 հիական գործընթացներ.

  • Ակադեմիական պլանավորում , որի միջոցով բուհը փոփոխում է իր կրթական առաջարկի կառուցվածքը, ծրագրերի/մասնագիտություն­ների լրակազմը` պոտենցիալ ուսանողների պահանջմունքներին և աշխատաշուկայի պահանջարկին  ու միտումներին համահունչ: Ակադեմիական պլանավորման հիմնական բաղկացուցիչներն են նոր ծրագրերի/մասնագիտությունների առա­ջարկների թղթապանակի ձևավո­րումը, որակավորման պրոֆիլների, նպատակների ու խնդիրների ձևակերպումը, օպերատիվ  պլանավորումը, ուսման վարձի սահմանումը:
  • Ծրագրերի մշակում , որի շրջանակներում ձևավորվում են ծրագրի/մաս­նագի­տության ուսումնական պլանը, դասընթացների ծրագրերը, ծրագրի մոդուլները և ուսումնական կրեդիտները, սահմանվում են ծրագրի ակադեմիական ստանդարտները, այդ թվում` ծրագրի/դասընթացի ելքային արդյունքները, որակավորման բնութագրիչները, պլանավորվում են կրթական ռեսուրսները և օժանդակ ծառայությունները:
  • Ծրագրերի մատուցում /իրականացում , որը ներառում է ուսումնառության և դասավանդման գործընթացների կազմակերպումը, օժանդակ ծառայություն­ների մատուցումը, ուսումնական գործընթացի ռեսուրսային ապահովումը, ուսանողների գիտելիքների ընթացիկ և ավարտական ատեստավորումը:

 

Կրթական ծրագրերի որակի ապահովումն ունի 2 կարևոր ասպեկտ կամ թիրախ.

  • Ծրագրի ակադեմիական ստանդարտները , այսինքն` գիտելիքների, կարողությունների և ձիրքերի մակարդակն ու ծավալները, որոնք տվյալ ծրագրի շրջանակներում պահանջվում են ուսանողներից` համապա­տասխան որակավորման շնորհման համար:
  • Ծրագրի մատուցման որակ , որը վերաբերում է ծրագրի բովանդա­կությանը, առանձին դասընթացների դասավանդման և յուրացման (ուսումնառության) գործընթացներին:

Եթե ակադեմիական ստանդարտները հիմնականում բնութագրում են ծրագրի ելքային արդյունքները, ապա մատուցման որակը բնութագրում է հիմնականում գործընթացները, որոնց միջոցով ձեռք են բերվում այդ ելքային արդյունքները:

Վերը նշված ուսումնամեթոդական 3 գործընթացներին զուգընթաց և դրանց հետ փոխկապակցված` բուհում իրականացվում են որակի ապահովման 4 հիմնական գործընթացներ, որոնք վերաբերում են բոլոր կրթական ծրագրերին.

–  ծրագրի մշակման արտոնում ,

–  ծրագրի հավանություն/իրականացման արտոնում ,

–   ծրագրի ընթացքի մոնիթորինգ ,

–  ծրագրի ամփոփիչ գնահատում և վերանայում :

Աղյուսակ 1-ում ներկայացված են որակի ապահովման բուհական հիմնական գործընթացները, դրանց նպատակները և փոխկապակցվածությունը բուհի ծրագրային-մեթոդական գործընթացների և որակի ապահովման արտաքին (արտաբուհական) գործընթացների հետ:

Աղյուսակ 1. Կրթական ծրագրերի որակի ապահովման (ՈԱ) բուհական գործընթացները

Բուհի ծրագրային-մեթոդական գործընթացներ

ՈԱ բուհական գործընթացներ

ՈԱ գործընթացների նպատակը

ՈԱ արտաքին գործընթացներ [1]

Ակադեմիական պլա­նավորում (նոր ծրագ­րի/ մասնագիտ. պլանավորում)

Ծրագրի մշակման արտոնում (ներբուհական)

Գնահատել ծրագրի հիմնավորումը, համապատասխանությունը բուհի առաքելությանը և ստրատեգիական պլանին

 

Ծրագրի մշակում

Ծրագրի հավանության ստացում (ներբուհական հաստատումը)

Գնահատել ծրագրի մշակման որակը և աշխատանքային խմբի կարողությունը` իրականացնելու այն` համաձայն ստանդարտների

Ծրագրի արտոնագ­րում (լիցենզավորում)

Ընդունելության արտոնում (պետա­կան բուհերի համար)

Ծրագրի մատուցում/ իրականացում

Ծրագրի մոնիթորինգ

Գնահատել ծրագրի որակը և ստանդարտները իրականացման փուլում

 

Ծրագրի վերանայում

Գնահատել ծրագրի համապատասխանությունն իր նպատակին` իրականացման լրիվ ցիկլի արդյունքներով

Ծրագրի հավատար­մագրում

 


[1] Համաձայն ՀՀ կրթական օրենսդրության ` Հայաստանում գործում են կրթական ծրագրերի որակի ապահովման արտաքին (արտաբուհական) 2 ործընթացներ` կրթական ծրագրերի լիցենզավորում և հավատարմագրում: Բացի դրանից, պետական բուհերին ըստ մասնագիտությունների ընդունելությունը, լիցենզիայի առկայության դեպքում,  թույլատրվում է ՀՀ կառավարության կողմից: