activity indicator
Գլխավոր էջ Այլ փաստաթղթեր և նյութեր Փաստաթղթեր Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ 9. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում
9. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում

2005թ.-ի Բերգենի գագաթաժողովից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առկա է էական առաջընթաց ԵԲԿՏ-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման, գովազդի և բուհական համայնքի տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը Tempus-ի hայաստանյան գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության hայաստանյան հիմնադրամի և Բոլոնիայի գործընթացի դերակատար եվրոպական կառույցների օժանդակությամբ կազմակերպել է մի շարք սեմինարներ և խորհրդակցություններ, հրատարակել հայերեն լեզվով տեղեկատվական/ մեթոդական նյութեր:

Որոշ առաջընթաց է արձանագրվել նաև ԵԲԿՏ-ի գրավչության աջակցման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման ուղղությամբ` համատեղ ծրագրեր եվրոպական բուհերի մասնակցությամբ, որակավորումների փոխճանաչման բարելավում, միջազգային ակադեմիական շարժունության ընդլայնում: Բարելավվել են ցուցանիշները նաև Բոլոնիայի ոչ անդամ երկրներից ուսանողների հավաքագրման ուղղությամբ, որին հատկապես նպաստել է անգլալեզու ուսուցման կազմակերպումը ՀՀ որոշ բուհերում (ՀՊՃՀ, ԵՊԲՀ և այլն):

Հայաստանի ընդլայնված ներգրավումը և ակտիվ մասնակցությունը ԵԲԿՏ-ի գլոբալ չափայնության ռազմավարության իրականացմանը, հատկապես փոխճանաչման բարելավման և միջազգային շարժունության խթանման ուղղություններով, էական դեր կարող է խաղալ նաև երկրի բարձրագույն կրթության մրցունակության բարձրացման և արտասահմանյան ուսանողների ներհոսքի խթանման գործում: