activity indicator
Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ

Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԲԿՏ) և նպաստել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում: Գործընթացն այսօր ներառում է 46 ստորագրյալ երկրներ և ընթանում է Եվրոպական միության (ԵՄ) որոշումների ընդունման ձևական շրջանակներից դուրս: Որոշումների ընդունումն այստեղ հենվում է մասնակից բոլոր երկրների համաձայնության վրա:

Բոլոնիայի գործընթացը մեկնարկել է 1999թ.-ին, երբ 29 եվրոպական երկրների կրթության նախարարները հանդիպեցին Բոլոնիայում և ստորագրեցին մի հռչակագիր, որն ամրագրում էր բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ էին ԵԲԿՏ-ն ստեղծելու համար: Համաձայն Բոլոնիայի հիմնադիր հռչակագրի` ԵԲԿՏ-ն պատկերացվում է որպես մի բաց տարածք, որում ուսանողներին, շրջանավարտներին և բարձրագույն կրթության աշխատողներին հնարավորություն է ընձեռվում անարգել շարժունության և հավասարապես մատչելի բարձրորակ բարձրագույն կրթության համար: Այսպիսի բաց տարածքի անկյունաքարերն են բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչումը, թափանցիկությունը և եվրոպական համագործակցությունը որակի ապահովման ասպարեզում:

Բարձրագույն կրթության և ընդհանրապես Եվրոպայով մեկ մարդկային ռեսուրսների որակի բարելավման իր մղվածությամբ Բոլոնիայի գործընթացը կոչված է առանցքային դեր խաղալու ԵՄ Լիսաբոնյան ստրատեգիայի նպատակների ձեռքբերման մեջ, որոնք հավակնում են ապահովելու երկարատև կայուն տնտեսական աճ, ստեղծելու ավելի շատ և ավելի որակյալ աշխատատեղեր: ԵԲԿՏ-ի մյուս կարևոր առանձնահատկությունը եվրոպական բարձրագույն կրթության ընդգծված սոցիալական ուղղվածությունն է, որը ենթադրում է սովորելու և մասնագիտական ու ընդհանուր զարգացման հավասար հնարավորություններ բոլորի համար` հարատև կրթության համատեքստում:

Բոլոնիայի գործընթացի հետագա ընթացքը և նոր զարգացումներն ուղղորդվում են անդամ երկրների նախարարական գագաթաժողովների միջոցով: Սկսած 1999թ.-ից` նախարարներն արդեն հանդիպել են 4 անգամ` Պրագայում 2001-ին, Բեռլինում 2003-ին, Բերգենում 2005-ին և Լոնդոնում 2007-ին, գնահատել գործընթացի առաջընթացը նախորդող գագաթաժողովից հետո, նշել հիմնական գերակայությունները հաջորդ երկու տարիների համար: Հաջորդ գագաթաժողովը տեղի է ունեցել Լեովենում (Բենիլյուքս) 2009թ.-ին: