activity indicator
ՆԱԽԱԲԱՆ

Ցանկացած բարձրագույն կրթական հաստատության ստրատեգիական պլանավորման հիմնական նպատակն է կանխատեսել միջավայրի փոփոխությունները և իր հետագա գործունեության հնարավորությունները, արձագանքել դրանց` ձևավորելով և իրականացնելով զարգացման այդ միտումներին համահունչ ռազմավարություն: ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) սույն ստրատեգիական պլանը, ինչպես և նախորդները, կոչված է ուղղորդելու բուհի հետագա զարգացման գործընթացը այն առավելագույնս համապատասխանեցնելով միջավայրայի նոր իրողություններին և հեռանկարներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) իր առաջին ստրատեգիական պլանը` մշակել և ընդունել էր դեռևս 1996 թվին` 1996-2000 թթ. համար: Դա բուհի զարգացման ստրատեգիական պլանավորման առաջին փորձն էր, որի արդյունքում ստեղծված ծրագրային փաստաթուղթն էական ուղղորդիչ դեր կատարեց համալսարանական կարգավիճակին նրա անցմանն ու արմատական վերակազմակերպմանը հաջորդած բարեփոխումների իրականացման և դրանց կայունացման բավականին դժվարին ժամանակաշրջանում:

Հաջորդ ստրատեգիական պլանը՝ (2001-2005 թթ.համար), ըստ էության, առաջինի սահուն շարունակությունն էր և նպատակ ուներ, մի կողմից` ամրապնդել զարգացման ձևավորված միտումները Համալսարանի գործունեության հիմնական բնագավառներում, մյուս կողմից` համապատասխանեցնել նրա զարգացման հետագա ընթացքը միջավայրային նոր իրավիճակին:

Համալսարանի երրորդ ստրատեգիական պլանը ձևավորվեց 2005/2006 ուստարում` ՙՄիջավայրի ազդեցությամբ ուղղորդված ստրատեգիական պլանավորում ՀՊՃՀ-ում՚ անվանումով` Եվրամիության TEMPUS նախագծի շրջանակներում: Այն, հանդիսանալով նախորդի արմատական վերանայման, նորացման և փոփոխված  միջավայրային իրողություններին ներդաշնակեցման արգասիքը, թե° մեթոդաբանական և թե° առաջադրված ստրատեգիական նպատակների կազմի տեսանկյուններից զգալի փոփոխություններ էր կրել: Առաջին անգամ պլանում ներառվել էին յուրաքանչյուր նպատակի ուղղությամբ առաջընթացի գնահատման հստակ և չափելի ցուցանիշներ:

Պլանի սույն` թվով չորրորդ նախագիծը մշակվել է ՀՊՃՀ Խորհրդի 2010թ. փետրվարի 16-ի հանձնարարականով, ՀՊՃՀ 2010թ. մարտի 15-ի թիվ 01-03/323 հրամանով ձևավորված Ստրատեգիական պլանի մշակման հանձնաժողովի կողմից` նախորդող ստրատեգիական պլանի կատարման արդյունքների վերլուծության և արտաքին ու ներքին միջավայրային գործոնների ազդեցության քննախույզ հետազոտության հիման վրա: Նշվածը հնարավորություն է տվել շաղկապելու Համալսարանի զարգացումը ներքին և արտաքին միջավայրային կարիքների և փոփոխությունների հետ: Չնայած երևան եկած արտաքին միջավայրային մի շարք արմատական, երբեմն ոչ բարենպաստ փոփոխություններին, ՀՊՃՀ ստրատեգիական նպատակների նոր լրակազմը առաջադրված թիրախների տեսակետի, զգալի փոփոխություններ չի կրել. հիմնականում, փոխվել են շեշտադրումները: Պլանի վերակառուցումն իրականացնելիս Հանձնաժողովն աշխատել է պահպանել Համալսարանի զարգացման գործող ռազմավարության ժառանգականությունն ու շարունակականությունը` նախատեսելով ավարտին հասցնել նախորդ հնգամյակում տարբեր պատճառներով ավարտին չհասցված խնդիրներն ու գործողությունները, միաժամանակ, փորձելով հաջողությամբ դիմակայել նոր մարտահրավերներին: Արդյունքում, առաջադրվել են ՀՊՃՀ գործունեության բոլոր բնագավառներն արտացոլող, նորովի ձևակերպված 8 նպատակներ: Յուրաքանչյուր նպատակի համար առաջադրվել են դրա իրականացման անհրաժեշտ խնդիրները, վերջիններիս լուծման ռազմավարական ուղղությունները (գործողությունները), ինչպես նաև` նպատակների ուղղությամբ առաջընթացի գնահատման ցուցանիշները` պլանի գործողության հնգամյա ժամանակահատվածի կտրվածքով:

Այս պլանը, բնականաբար, ունենալով որոշակի առանձնահատկություններ, կառուցվածքային առումով ևս պահպանել է նախորդից բխող որոշակի ժառանգականություն: Մասնավորապես, առաջադրված նպատակների և խնդիրների ներկայացման առանցքային բաժնին դարձյալ նախորդում են Համալսարանի առաքելության և հեռապատկերի արձանագրումները: Կրկին հաստատագրվում են այն մնայուն արժեքներն ու գաղափարները, որոնք բնորոշ են Համալսարանի պոլիտեխնիկական անցյալին, կազմել են նրա ուժը և պետք է գտնեն իրենց շարունակությունը Համալսարանի զարգացման նոր ծրագրերում՝ դասախոսների և ուսանողների հաջորդափոխվող սերունդների միջև պահպանելով ժառանգորդականությունը և հաստատության եզակի նկարագիրը: Որպես նորամուծությունբերվում են ՀՊՃՀ նախորդ (2006-2010 թթ.) ստրատեգիական պլանի կատարման հիմնարդյունքների ամփոփ նկարագիրը և զարգացման ստրատեգիական հետագա գերակայությունների (թիրախների) ցանկը, որը, անխոս, կնպաստի նոր պլանի առավել հիմնավոր ընկալմանը: Ի տարբերություն նախորդի` այստեղ նկարագրված չէ Համալսարանի այսօրյա ընդհանուր պատկերը: Պլանն ավարտվում է նրա կատարողականի հաջողության վերաբերյալ որոշակի մտորումներ և երաշխավորություններ բովանդակող համառոտ վերջաբանով: Պլանի նախագիծը տեղադրվել է Համալսարանի կայքում և հղվել Համալսարանի մասնաճյուղերն ու ֆակուլտետները՝ քննարկման և գնահատման համար: Քննարկումների արդյունքում լրամշակված նախագիծն արժանացել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի հավանությանը և հաստատվել ՀՊՃՀ Խորհրդի կողմից: