activity indicator
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Համալսարանն իր 78-ամյա պատմության ընթացքում ձևավորել է որոշակի մնայուն արժեքներ և ավանդույթներ, որոնք միավորում են դասախոսների և ուսանողների մի քանի սերունդների և բնորոշում է նրա եզակի ՙպոլիտեխնիկական՚ նկարագիրը:

1. Պոլիտեխնիկական արմատներ

Հավատարիմ իր պոլիտեխնիկական արմատներին` Համալսարանը պարտավոր է ապահովել լավագույն պոլիտեխնիկական ավանդույթների և արժեքների շարունակելիությունը, ստեղծել մթնոլորտ, որտեղ նոր գաղափարներն ու անցյալի ավանդույթները խաչասերվում և փոխհարստացնում են միմյանց` նպաստելով Համալսարանի ինքնության պահպանմանն ու կայունությանը: Համալսարանը պարտավոր է նաև, մշտապես կատարելագործելով կրթական տեխնոլոգիաներն ու գործիքամիջոցները, պահպանել և զարգացնել տասնամյակներ դավանած սկզբունքը` սովորեցնել տեսությունը գործնական խնդիրների ու կիրառությունների միջոցով, ինչը կայուն հաջողություն և ճանաչում է բերել Համալսարանին և նրա շրջանավարտներին:

2. Համալսարանի հաջողության գրավականը ուսանողի հաջողությունն ու բավարարվածությունն են:

Համալսարանի բարձրագույն նախապատվությունը եղել և մնում է ուսանողի կրթական հաջողությունը: Ի սկզբանե Համալսարանը ստեղծված է ուսանողներին կրթելու և նրանց ծառայելու համար, ուստի յուրաքանչյուր ուսանողի անհաջողությունը նաև Համալսարանի անհաջողությունն է: Այսուհետ ևս արդյունավետ ու հաջող ուսումնառությանը նպաստող պայմանների և ծառայությունների ստեղծումն ու զարգացումը և ուսանողների բավարարվածության ապահովումը շարունակում են մնալ Համալսարանի առաջնահերթ խնդիրները:

3. Եզակի դեր և սոցիալական պատասխանատվություն

Լինելով Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանը ՀՊՃՀ-ն շարունակում է եզակի դեր ունենալ և պատասխանատվություն կրել երկրի ճարտարագիտական աշխատուժի ու արտադրական ղեկավար կազմի վերարտադրության և զարգացման գործում` որպես երկրի տնտեսական մրցունակության բարձրացման կարևորագույն նախադրյալ: Առաջնային կարևորության խնդիր է մնում նաև Համալսարանի փոխազդեցությունը տնտեսական միջավայրի հետ և ներգրավումը տեղային ու տարածաշրջանային նշանակության հանրային ծրագրերում: Համալսարանի եզակի սոցիալական դերի և պատասխանատվության կոլեկտիվ զգացումը պետք է շարունակի միավորել համալսարանական ողջ համայնքը և փոխանցվի նրա ուսանողներին ու շրջանավարտներին:

4. Համալսարանը` որպես բարոյականության յուրօրինակ մոդելուսանողների և միջավայրի համար

Պոլիտեխնիկն իր ամբողջ պատմության ընթացքում բարոյականության մի յուրօրինակ մոդել է եղել իր ուսանողների և արտաքին միջավայրի համար` հավատարիմ մնալով այնպիսի արժեքների, ինչպիսիք են մասնագիտական բարեխղճությունն ու անաչառությունը, ազնվությունն ու փոխադարձ հարգանքը, կոլեկտիվ շահի գերադասումը անձնականից: Համալսարանն այսուհետ ևս պարտավոր է ապահովել և զարգացնել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը կնպաստի ուսանողների վարքագծի ընդհանուր բարոյական սկզբունքների և չափանիշների պահպանմանն ու զարգացմանը, կօգնի գիտակցելու բարոյական վարքագծի կարևորությունն իրենց հետագա մասնագիտական գործունեության և առաջխաղացման հարցերում, ինչպես նաև կյանքի այլ ասպարեզներում:

5. Բաց համալսարանական համայնք, բաշխված պատասխանատվություն և կառավարում

Համալսարանը, հավատարիմ մնալով կառավարման ժողովրդավարական սկզբունքներին, ձգտում է ապահովել ազատ կամարտահայտություն և որոշումների կոլեգիալ ընդունմանը նպաստող կորպորատիվ միջավայր: Համալսարանական համայնքի յուրաքանչյուր անդամ պետք է իրազեկ լինի սպասվող փոփոխություններին, անմիջականորեն մասնակցի որոշումների ընդունմանը և պատասխանատվություն կրի դրանց կատարման համար: Պետք է շարունակվեն ջանքերը` Համալսարանում բաշխված կառավարման և կոլեգիալության արմատավորված սկզբունքների զարգացման ուղղությամբ՝ կենտրոնական դերակատարումը վերապահելով ՀՊՃՀ Գիտական խորհրդին:

6. Ուսուցման եվրոպական որակը` Համալսարանի այցեքարտ

Ուսուցման որակի նկատմամբ բարձր պահանջկոտությունը եղել և մնում է Պոլիտեխնիկի թիվ մեկ նախապատվությունը, որով պայմանավորվում են նրա արտաքին մրցունակությունն ու շրջանավարտների ծառայունակությունը: Այսօր Համալսարանն ընթանում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման ուղիով, և նրա համար ուղենիշ են հանդիսանում կրթության որակի եվրոպական չափանիշները: Սույն համատեքստում Համալսարանը պարտավոր է միահյուսել կրթական և հետազոտական իր ողջ ներուժը՝ ապահովելու որակի խթանման նոր նախադրյալներ, որոնք կնպաստեն ձևավորելու ՀՊՃՀ այցեքարտը՝ որպես համալսարանի, որն առաջնորդվում է կրթության որակի արժևորման եվրոպական չափանիշներով:

7. Դեպի արտաքին աշխարհը բաց համալսարան

Ձևավորվող գլոբալ տեխնոլոգիական հասարակության պայմաններում Համալսարանը ձգտում է միահյուսվել միջազգային գիտակրթական համակարգին, դառնալ նրա լիարժեք անդամը՝ սինթեզելով առաջատար հաստատությունների փորձը որպես հաջողության գրավական դիտարկելով արտաքին ակտիվ կապերի ստեղծումն ու զարգացումը: Դա մեծապես կնպաստի ՀՊՃՀ-ի` որպես համալսարանի, որն ապահովում է միջազգային չափանիշներին հարիր կրթություն, և որի մուտքը բաց է նաև այլ երկրների ուսանողների համար, ճարտարագիտական կրթության տարածաշրջանային առաջատար կենտրոններից մեկը դառնալու հավակնության բավարարմանը: