activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրերի ստեղծում և վերակառուցում Նոր կրթական ծրագրի մշակումն արտոնելու ընթացակարգ
Նոր կրթական ծրագրի մշակումն արտոնելու ընթացակարգ
  • Արտոնումը բուհի պաշտոնական համաձայնությունն է ուսումնական ստորաբաժանմանը` սկսելու կրթական նոր ծրագրի մշակման գործընթացը` ներկայացված առաջարկության համաձայն: Այն կապ է ստեղծում բուհի ակադեմիական պլանավորման և որակի ապահովման գործընթացների միջև:
  • Արտոնման գործընթացի նպատակն է գնահատել ներկայացված առաջարկու­թյան հիմնավորումը, նրա համապատասխանությունը բուհի առաքելությանը և ստրատեգիական պլանի համապատասխան առաջադրանքներին:
  • Գործընթացի խնդիրներն են`

–  հիմնավորել, որ առաջարկվող ծրագիրը/մասնագիտությունը նպատակահար­մար է (գերադասելի է) իրականացնել բուհի տվյալ ստորաբաժանումում,

–  վերլուծել առաջարկության իրականացնելիությունը (տեխնիկական) ծրագրային թիմի` ծրագիրը և դրա ակադեմիական ստանդարտները մշակելու էքսպերտային կարողության տեսանկյունից,

–  տալ առաջարկվող ծրագրի/մասնագիտության ռեսուրսային ապահովվածության նախնական գնահատականը և բացահայտել լրացուցիչ ռեսուրսների կարիքները,

–  պարզել առաջարկության իրականացման տնտեսական նպատակա­հարմարությունը շուկայական վերլուծության միջոցով, մրցակցային առավելություններն ու թուլությունները այլ բուհերի նկատմամբ,

–  գնահատել առաջարկության սպասվող ներդրումը բուհի առաքելության և ստրատեգիական նպատակների իրականացման գործընթացում:

  • Նոր կրթական ծրագիր/մասնագիտություն ստեղծելու առաջարկությունը մշակում է բուհի ուսումնական ստորաբաժանումը (մասնաճյուղ, ֆակուլտետ, դեպարտամենտ, ամբիոն) բուհի ակադեմիական պլանավորման ընդհանուր գործընթացի շրջանակներում` բուհի ակադեմիական պլանավորման հանձնաժողովի (մեթոդական խորհրդի կամ այլ համարժեք կառույցի) մշակած պահանջներին և ձևաթերթին համապատասխան: Առաջարկությունն արտոնման է ներկայացվում ստորաբաժանման կառավարման մարմնի որոշմամբ: 
  • Առաջարկության մշակման և հետագա իրականացման համար ստորաբա­ժանումը (ամբիոնը) ձևավորում է աշխատանքային խումբ, որը ձևակերպում է ծրագրի մշակման արտոնման հայտը : Հայտի մշակման ընթացքում հիմնականում ձևակերպվում է նաև առաջարկվող ծրագրի/որակավորման պրոֆիլը, այսինքն` ծրագրի ուղղվածությունը և այն առանձնահատուկ նպատակները, որոնք պետք է ձեռք բերվեն նրա իրականացման արդյունքում:
  • Առաջարկության մշակման համար հիմք են հանդիսանում`

–  ստորաբաժանման (մասնաճյուղի, ֆակուլտետի, դեպարտամենտի) զարգացման ռազմավարական նպատակներն ու գերակայու­թյունները (ըստ ստորաբաժանման ստրատեգիական պլանի),

–  պոտենցիալ աշխատաշուկայի և գործատուների պահանջարկի ու կարիքների վերլուծությունը, կոնկրետ պատվերով նպատակային ուսուցման հնարավորությունները,

–  առաջարկության տնտեսական նպատակահարմարության (շահու­թաբերու­թյան) գնահատականը,

–  բուհի/ստորաբաժանման մրցակցային դիրքը (առավելություններն ու թերությունները) համանման ծրագրեր իրականացնող այլ բուհերի նկատմամբ, արտաքին` ազգային և միջազգային էտալոնային կողմնորոշիչ պահանջները (benchmarks) տվյալ մասնագիտության համար,

–  բուհում դասախոսական, ֆիզիկական, ինֆորմացիոն և այլ անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը,

– քոմփյութերային ենթակառուցվածքի և ուսուցման տեխնիկական միջոցների առկայությունը:

  • Եզրակացությունը առաջարկվող կրթական ծրագրի մշակումն արտո­նելու վերաբերյալ ընդունում է բուհի ակադեմիական պլանավորման հանձնաժողովը (մեթոդական խորհուրդը կամ իրավասու այլ կառույց): Եզրակացությունը արտոնման վերաբերյալ կարող է լինել դրական, դրական պայմանական (որոշակի թերությունների և բացերի թվարկու­մով) և բացասական:
  • Ստորաբաժանման կառավարման մարմինը քննարկում է արտոնման եզրակա­ցությունը , որոշումներ ընդունում եզրակացությունում նշված թերությունների և բացերի վերացման և կրթական նոր ծրագրերի մշակման պլանավորման ուղղությամբ:
  • Երկու կամ ավելի ստորաբաժանումների առաջարկությունները համատեղ կրթական ծրագրերի մշակման վերաբերյալ արտոնման են ներկայացվում դրանց կառավարման մարմինների համատեղ ընդունված որոշմամբ:
  • ENQA համապատասխան ստանդարտի և դրա իրականացման ուղենիշների համա­ձայն` բուհը մշակում և հաստատում է պաշտոնական ընթացակարգ կրթական նոր ծրագրերի մշակման արտոնման վերաբեր­յալ : Ընթացա­կարգը պետք է հաշվի առնի բուհի ուսումնամեթոդական գործունեության և ուսուցման որակի կառավարման առանձնահատկու­թյուններն ու ձևավորված ավանդույթները: Ընթացակարգի մշակման համար ուղեցույց կարող են ծառայել վերը բերված ցուցումները: