activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրերի ստեղծում և վերակառուցում Կրթական ծրագրի հաստատման և լիցենզավորման ներկայացման ընթացակարգեր
Կրթական ծրագրի հաստատման և լիցենզավորման ներկայացման ընթացակարգեր
  • Դիտարկվող գործընթացի նպատակն է գնահատել ծրագրի մշակման որակը և ծրագրային թիմի կարողությունը` իրականացնելու այն սահմանված ակադեմիական ստանդարտներին համապատասխան:
  • Գործընթացի խնդիրներն են`

–  հաստատել մշակված ծրագրի ուսումնական պլանի և ակադեմիա­կան ստանդարտների (ելքային արդյունքների, որակավորման բնութագրիչների) համապատասխանությունը մասնագիտական կրթության որակավորումների ազգային հենքի  և համապատասխան պետական կրթական չափորոշչի պահանջներին,

–  հավանություն տալ ծրագրի բաղկացուցիչ դասընթացների լրակազմին և բովանդակությանը, հավաստիանալ, որ դրանց ելքային արդյունքները համապատասխանում են ծրագրի/մասնագիտության որակավորման բնութագրիչներին,

–  ստուգել, որ ծրագրի մշակման արտոնման վերաբերյալ եզրակա­ցությունում նշված թերությունները հիմնականում վերացված են,

–  հավաստիանալ, որ առաջարկության հեղինակ աշխատանքային խումբն ունակ է իրականացնելու մշակված ծրագիրը` սահմանված ակադեմիական ստանդարտներին և մատուցման որակի պահանջ­ներին համապատասխան,

–  գնահատել նորաստեղծ ծրագրի և դրա դասընթացների մատուցման ռեսուրսային բազայի և ուսումնական ենթակառուցվածքի համապա­տասխա­նությունը սահմանված նորմատիվային պահանջներին:

  • Ծրագրի ներբուհական հաստատման համար անհրաժեշտ փաստա­թղթային փա­թեթը որակի ապահովման դիտարկվող գործընթացի մուտքն է, որը ներառում է`

–  ծրագրի մշակման արտոնման եզրակացությունը` համապատասխան դիտողություններով և բարելավման առաջարկություններով,

–  ծրագրի ուսումնական պլանը և մանրամասն նկարագրությունը; վերջինս պարզաբանում է այն գիտելիքները, կարողությունները, ձիրքերը և այլ ատրիբուտները, որոնք պետք է ձեռք բերի ուսանողը ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում, այսինքն` շնորհվող որակավորման բնութագրիչները; նկարագրում է ուսումնառության, դասավանդման և գիտելիքների ատեստավորման մեթոդները, ծրագրի շրջանավարտների կարիերայի հնարավորու­թյունները և ուսման շարունակման պայմաններն ու այլընտ­րանք­ները: Ծրագրի մանրամասն նկարագրությունը (programme specification) կազմվում է բուհի համար միասնական ձևաթերթով,

–  ծրագրի բաղկացուցիչ գործընթացների համառոտ նկարագրություն­ները և դրանց ելքային արդյունքները,

–  տեղեկանք` մշակված ստանդարտներին համապատասխան ծրագրի իրականացման ռեսուրսների (դասախոսական, ֆիզիկական, ինֆորմացիոն) առկայության մասին,

–  արտաքին փորձաքննության եզրակացությունը և պոտենցիալ գործատուների կարծիքները:

  • Մշակված կրթական ծրագրի փաստաթղթային փաթեթը կազմում է աշխատանքային խումբը:
  • Մշակված կրթական ծրագիրը քննարկում և հավանության ու հաստատման է ներկայացնում ուսումնական ստորաբաժանման կառավարման մարմինը (մասնաճյուղի, ֆակուլտետի խորհուրդը, դեպարտամենտի ժողովը, ամբիոնի նիստը)` ստորաբա­ժանման ծրագրային-մեթոդական հանձնաժողովի երաշխավորությամբ:
  • Առաջարկվող ծրագրի հավանության վերաբերյալ որոշումն ընդունում է բուհի գիտական խորհուրդը` բուհի ծրագրային-մեթոդական հանձնաժո­ղովի (մեթոդական խորհրդի) երաշխա­վորությամբ` կից փաստաթղթային փաթեթի, ներբուհական փորձաքննության արդյունք­ների և դրական եզրակացության հիման վրա: Փորձաքննությունը կազմակերպում է բուհի ուսումնամեթոդական վարչությունը կամ համարժեք այլ կառույց:
  • Նորաստեղծ ծրագրին հավանություն տալու (հաստատման) վերաբերյալ դրական որոշումը հիմք է հանդիսանում բուհի կողմից տվյալ ծրագրի/մասնագի­տության լիցենզավորման հայտ ներկայացնելու համար, իսկ լիցենզիայի առկայության դեպքում` նաև տվյալ կրթական ծրագրի/մասնագիտության գծով ընդունելության կազմակերպման համար: Պետական բուհերը լիցենզավորված մասնագիտություններով ընդունելության համար պետք է ունենան նաև հիմնադրի` ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
  • Համաձայն ENQA ստանդարտի  պահանջների` բուհը պաշտո­նական ընթացակարգ է մշակում և հաստատում` նոր կրթական ծրագրերի մշակման և հաստատման վերաբերյալ :