activity indicator
Գլխավոր էջ Կրթական ծրագրի մոնիթորինգ և վերանայում Կրթական ծրագրի տարեկան մոնիթորինգի ընթացակարգեր և անհրաժեշտ փաստաթղթային ձևաթերթեր
Կրթական ծրագրի տարեկան մոնիթորինգի ընթացակարգեր և անհրաժեշտ փաստաթղթային ձևաթերթեր

Մոնիթորինգի նպատակն է գնահատել ծրագրի մատուցման որակն ու ակադեմիական ստանդարտները ծրագրի իրականացման ընթացքում և նախաձեռնել բարելավող անհրաժեշտ գործողություններ:

Մոնիթորինգի խնդիրներն են`

–  գնահատել ծրագրի/առանձին դասընթացների սահմանված նպատակների և ակնկալվող ելքային արդյունքների ձեռքբերման ընթացքը և արդյունավե­տությունը,

–  բացահայտել ծրագրի թուլություններն ու իրականացման դժվարու­թյունները և առաջարկել անհրաժեշտ ճշգրտումներ ծրագրում և դասընթացներում,

–  գնահատել դասավանդման և ուսումնառության գործընթացների արդյունավե­տությունը, ուսուցման մեթոդների և տեխնոլոգիաների արդիականությունը, բացահայտել ռեսուրսային կարիքները,

–  գնահատել ծրագրի հիմնական քանակական բնութագրերի (ընդունե­լություն, համակազմ, մաղումներ, առաջադիմություն, շրջանավար­տություն, համապա­տասխան աշխատատեղերի ձեռքբերում) համապատասխանությունը նախօրոք սահմանված թիրախային ցուցանիշներին:

  • Մոնիթորինգի հիմնական միջոցները`

–   ուսանողների` ծրագրից բավարարվածության ուսումնասիրություն, որն արտացոլում է ուսանողների բավարարվածության մակարդակը ծրագրի (դասընթացների) բովանդակության և մատուցման տարբեր ասպեկտներից, ուսանողների տեսանկյունից առավել կարևոր (հաջողված) և առավել անբավարար (անհաջող, ավելորդ) ծրագրային տարրերը, հետևաբար նաև ակնկալվող ծրագրային փոփոխությունները

–   շրջանավարտների և գործատուների` ծրագրից բավարարվածության ուսումնասիրություն, որն արտացոլում է ծրագրի համապատաս­խանությունը տվյալ մասնագիտության աշխատատեղերի պահանջ­ներին, ծրագրի արդիականությունը, ծրագրի հեռանկարները կադրային պահանջարկի տեսանկյունից,

–   արտաքին փորձաքննություն , որը կոչված է տալ անկախ և օբյեկտիվ գնահատական մշակված ակադեմիական ստանդարտների (ելքային արդյունքների) ապահովման վիճակին և ծրագրի մատուցման որակական ցուցանիշներին,

–  ծրագրի հիմնական քանակական բնութագրերի վերլուծություն` սահմանված վիճակագրական ինդիկատորների միջոցով, որն ընդգրկում է ծրագրի ընդունելության, համակազմի, շրջանավար­տության, ռեսուրսների, ուսանողների առաջադիմության և ատեստա­վորման ցուցանիշների ուսումնասիրությունը:

  • Մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար կարևորվում է անհրաժեշտ տեղեկատվական հոսքի ապահովումը տեղեկատվության աղբյուրների (ուսանողների հարցումներ, արտաքին փորձաքննության հաշվետվություններ, վիճակագրական ինդիկատորներ և այլն) և մոնիթորինգն իրականացնող կառույցների միջև:
  • Մոնիթորինգի գործընթացը, որը սովորաբար իրականացվում է տարեկան պարբերակա­նությամբ, ընդգրկում է բուհի բոլոր կրթական ծրագրերը և դրանց դասընթացները և ավարտվում է որակի մոնիթորինգի հաշվե­տվությունների կազմումով` ծրագրի, ստորաբաժանման (մասնաճյուղի, դեպարտամենտի, ֆակուլտետի), բուհի մակարդակներում: Որակի մոնիթորինգի հաշվետվությունները պարունակում են կոնկրետ երաշ­խավորություններ (գործողությունների պլաններ) ծրագրերի առանձին տարրերի բարելավման ուղղությամբ: Կրթական ծրագրերի/մասնա­գիտությունների մեծ բազմազանության պայմաններում ոչ բոլոր ծրագրերի մոնիթորինգն է ավարտվում ամենամյա պաշտոնական հաշվետվություններով:
  • Առաջարկվում է մոնիթորինգի ինքնուրույն տարեկան հաշվետվու­թյուններ պահանջել`

–  նոր կրթական ծրագրերի առաջին տարվա համար,

–  համատեղ կրթական ծրագրերի համար,

–  ռիսկային գործոնով կրթական ծրագրերի համար, որոնց վերաբերյալ մտահոգիչ փաստեր են հայտնաբերվել ուսանողների կամ արտաքին փորձագետների կողմից,

–  ընդունելության և առաջադիմության ցածր ցուցանիշներ ունեցող ծրագրերի համար:

  • Մոնիթորինգը սովորաբար իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին և ընդգրկում է նախորդ ուսումնական տարվա բնութագրական տվյալների հավաքումը և համեմատական վերլուծությունը: Գործընթացը, որպես կանոն, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակներում է, իրականացվում է աշխատանքային խմբերի, արտաքին փորձագետների, ստորաբաժանումների ղեկավարության և համապատասխան հանձնա­ժողովների համատեղ ջանքերով: Առանձին ծրագրերի և ստորաբա­ժանումների որակի մոնիթորինգի հաշվետվությունները հետագայում սինթեզվում են որակի մոնիթորինգի համաբուհական հաշվետվության մեջ, որը ձևավորվում է բուհի տարեկան հաշվետվությանը զուգընթաց: 
  • Կրթական ծրագրերի որակի մոնիթորինգի գործընթացի պլանաչափ ու արդյունավետ իրականացման համար բուհը մշակում և հաստատում է պաշտոնական ընթացակարգ , որը պարտադիր է ուսումնական բոլոր ստորաբաժանումների համար: